Քննարկել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 13-ին ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի (Chaarat Gold Holdings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցին: Հանդիպմանը ներկա էր նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:
Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները:
«Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրով:
Արտեմ Վոլինեցը վստահեցրել է, որ ընկերության առաջնահերթ ծրագրերից է ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքները համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին և ապահովել գործունեության թափանցիկություն: Նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգության աստիճանը, կներդրվի օգտակար հանածոյի վերամշակման համար անհրաժեշտ ջրի օգտագործման փակ ցիկլով համակարգ՝ շրջակա միջավայրի պահպանության նպատակով:
Արտեմ Վոլինեցը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախարարություն կներկայացնի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը:
Գարեգին Բաղրամյանը վերահաստատել է իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

Աղբյուրը՝ www.minenergy.am

Просмотров: 175

You May Also Like

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *