ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ կապանցիներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգելի՛ վետերաններ, զինվորներ ու սպաներ

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր և հերոսական տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, արժանապատվությունն ու նվիրումը, թշնամու դեմ ըմբոստանալու և հաղթելու հաստատուն կամքն ու վճռականությունը։
Տոնը նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակով, այլև 1992 թվականի այդ նույն օրը հայկական հնագույն բերդաքաղաք Շուշիի փառահեղ ազատագրմամբ, որը հայ ժողովրդի համար ոչ միայն ռազմական մեծ հաղթանակ էր, այլև հայոց վերածննդի սկիզբ, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն հաղթանակ:
Այս հաղթանակների շնորհիվ կարողացանք կերտել մեր ազգի հարուստ պատմությունը, ինչի համար շնորհակալ և երախտապարտ ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կարողացան հաղթանակ պարգևել մեզ, ովքեր անմնացորդ ծառայեցին մեր հայրենիքին և ովքեր կերտեցին մեր պատմության հաղթական էջերը։ Համոզված եմ, որ գալիք սերունդները ևս կշարունակեն կերտել նոր հաղթանակներ՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման և բարգավաճման։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հարատև խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաղթանակներ:

Просмотров: 221

You May Also Like