ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին: Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետ Հունան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն անթերի՝ բարձր մակարդակով, օրինականության սահմաններում եւ առանց միջադեպերի ու խախտումների: Իսկ դա ապահովելու համար յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում պետք է անի ամեն հնարավորը:
Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն առավել մանրամասնորեն լսարանին ներկայացրեց ընտրությունների ժամանակացույցը, ներկաների պատասխանատվության շրջանակն ու գործառույթները, պատասխանեց հարցերի: Քննարկվեց ձեւավորվող տեղամասերը անհրաժեշտ տեխնիկական եւ անխափան կապի միջոցներով ապահովելու հարցը: Հունան Պողոսյանը հանձնարարեց ճանշիններին աշխատել, որ ընտրության օրը տեղամասեր տանող ճանապարհներն անցանելի լինեն:
Իրենց նկատողություններով, պարզաբանումներով հանդես եկան նաեւ մարզում գործող 2 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:

Աղբյուրը ՝ Սյունիքի մարզպետարան

Просмотров: 360

You May Also Like