ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ

Փետրվարի 13-ին մարզկենտրոն Կապանում հանդիսավոր կերպով նշվեց քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը`Տեառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Տրնդեզը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծնունդից քառասուն օր հետո։ Այսօրվա տոնակատարությունը մեկնարկեց Վահանավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, Տեր Վահան քահանա Հեբոյանի և Տեր Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգության արարողություն և կատարվեց նորապսակների օրհնության կարգ։
Այնուհետև տարվա խաչքավոր Գևորգ Փարսյանը եկեղեցուց բերված ճրագով վառեց տոնական խարույկը, նորապսակները ցատկեցին խարույկի վրայով, շուրջպար բռնեցին և եկեղեցու խաչքավորի կողմից ստացան նվերներ։ Նույն արարողությունը երեկոյան շարունակվեց նաև Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ արդեն խաչի այս տարվա քավոր Գարիկ Պետրոսյանը և համայնքի ղեկավարը Տեր Վահան քահանա Հեբոյանի գլխավորությամբ՝ օրհնված մոմից առկայծող կրակով վառեցին տոնի խորհրդանշական խարույկը։ Բոլորին բաժանվեց նաև տոնին հատուկ փոխինձ` բոված ցորեն, չամիչ, ընկույզ: Այնուհետև կրակի մոտ բերվեց պառավի արտաքինով խրտվիլակը, որը խորհդանշում է ցրտաշունչ ձմեռը: Եվ քանի որ Տրնդեզը խորհրդանշում է բնության զարթոնքը, խրտվիլակը երաժշտության ներքո նետվեց կրակի մեջ` ի նշան այն բանի, որ ժամանակն է այն իր տեղը զիջի գարնանը:
Դե իսկ տոնին ուրախ և բարձր տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց ներկայացրած երգի, պարի եւ երաժշտական այլ համարներով:
Նոր ընտանիք կազմած զույգերը տոնական օրվա կապակցությամբ եկեղեցու խաչի քավորից նվերներ և ծաղիկներ ստացան:

Просмотров: 575

You May Also Like