Ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած քաղաքացիները տեղավորվել են ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի կարգապահական վաշտում

Փետրվարի 11-ից Սյունիքի մարզում ուժեղ բուքն ու քամին չի դադարում, ու ճանապարհի Սիսիան-Գորիս մի քանի կիլոմետրանոց հատվածում բուքն այնպես է ձյունը լցրել երթևեկելի հատված, որ ձյան բարձրությունը հասնում է 1-1,5 մետրի։

Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող խաչմերուկից մինչ Գորիս` գրեթե 15 կմ հատված, դարձրել է անանցանելի։ Սաստիկ բուքը թույլ չի տալիս տեխնիկան օգտագործել։

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ, ՌՈ պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի հրամանով Սյունիքի ռազմական ոստիկանությունը ճանապարհի այդ հատվածում հերթապահություն է իրականացնում:

Նախարարի հանձնարարականով և ՌՈ պետի հրամանով Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, փոխգնդապետ Ռոլանդ Օղիկյանը, ինչպես նաև կարգապահական վաշտի հրամանատար, կապիտան Էդգար Միրազիզյանը կայազորային վարչություն են տեղափոխել վեց տասնյակից ավելի քաղաքացիների, զինվորների, ովքեր մինչև ճանապարհի բացման խնդիրը լուծվելը, մնալու են զորամասում։ Ռազմական ոստիկանությունը հոգում է նրանց սննդի հարցը, քաղաքացիներին տրամադրվում է սնունդ, թեյ, սուրճ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Կանանց և աղջիկների համար կահավորվել են առանձին հանգստի սենյակներ:

Կարգապահական վաշտում տեղակայված քաղաքացիները շնորհակալություն են հայտնում Ռազմական ոստիկանությանը, հանձինս` Արթուր Բաղդասարյանի, Ռոլանդ Օղիկյանի և Էդգար Միրազիզյանի, քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար:

Просмотров: 2405

You May Also Like