ԿԱՊԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվեցին «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի SMS քվեարկության և փորձագիտական խմբի կողմից արձանագրված արդյունքները, որին ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի տնտեսական զարգաման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։ Նշենք, որ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքային համայնքները։ Սակայն բաղձալի հերթը հասավ Սյունիքի մարզկենտրոն Կապանին, որը պաշտոնապես դարձավ Հայաստանի 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք։
Սա Կապանի համայնքապետարանի, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի և համայնքում գործող երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ու համատեղ աշխատանքի արդյունք էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ցույց տալ մեր հարավային մայրաքաղաքի բոլոր հնարավորությունները և զարգացման նախագծերը, ինչն էլ դարձավ վերջնական հաղթանակի գրավականը։
«Ընտրվել է իրապես ամենաարժանի քաղաքը: Կապանն ունի ռեսուրսներ և երիտասարդական ոլորտում ակտիվ աշխատանքների փորձ: Մրցույթի պահանջ չի եղել, որ հաղթող քաղաքն ունենա շատ զարգացած երիտասարդական քաղաքականություն, բայց տվյալ համայնքում մրցույթի միջոցով երիտասարդության ոլորտը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար անհրաժեշտ է որոշակի հիմք»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասել է Գ. Լոռեցյանը՝ նշելով, որ գնահատվել են ոչ միայն քաղաքի ռեսուրսները, այլ ընդհանուր հայտը՝ ծրագրային առաջարկներով և համագործակցության պատրաստ կազմակերպություններով:
Լուսանկարները՝ erit.am–ի

Просмотров: 129

You May Also Like