ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան համայնքի ավագանուն, համայնքապետարանի աշխատակազմին և ենթակայությամբ գործող կազմակերպությունների տնօրեններին ներկայացրեց Կապան համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Փարսյանին:
Մարզպետը շնորհավորեց համայնքի ղեկավարին ընտրվելու կապակցությամբ և կոչ արեց աշխատել՝ հանուն Կապանի կայուն և արդյունավետ առաջընթացի:
«Իմ առաջին այցը եղել է Կապանի համայնքապետարան,գրեթե բոլոր աշխատակիցների հետ հանդիպել եմ աշխատասենյակներում, ունեցել եմ կարճատև զրույց,շատ կարող ուժ է և լիարժեք պոտենցիալը կարող ենք օգտագործել՝ զարգացնելու, կայունացնելու և գեղեցկացնելու մեր շատ սիրելի Կապանը և հարակից վարչական շրջանները»,- իր խոսքում նշեց մարզպետը:
Գ. Փարսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր կապանցիներին՝ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:
«Ես եկել եմ աշխատելու, արդյունք տալու, ոչ մի քաղաքական նպատակ չունեմ: Պատրաստվում եմ միայն գործել՝ ավելի քիչ խոսել, ավելի շատ աշխատել: Իմ մտքերը միայն բարի են ու դրական՝ ի շահ մեր համայնքի: Բայց ինձ պետք է ձեր բոլորի աջակցությունը, այն մարդկանց աջակցությունը, ովքեր պատրաստակամ են ինձ հետ հավասար քայլելու: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում արդեն դրական արդյունքներ կգրանցենք: Ես ամբողջովին զգում եմ պատասխանատվությունը, և այն կրկնապատկվեց հոկտեմբերի 21-ին, երբ հասկացա, որ մեր համայնքի բնակիչները հավատացին ինձ, հավատացին իմ խոսքին և պատրաստվում եմ արդարացնել կապանցիների հույսերը: Բոլորիս մաղթում եմ բարի երթ», – իր խոսքում նշեց նորընտիր համայնքի ղեկավարը:
Այնուհետև համայնքի ղեկավարը շրջեց համայնքապետարանի բաժիններով,ծանոթացավ աշխատակազմի աշխատակիցների հետ և տեղեկացավ նրանց կողմից իրականացվող գործառույթներին:

Просмотров: 199

You May Also Like