ԿԱՊԱՆԸ ՆՇԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեցին Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկեդրման արարողությամբ. Կապանի համայնքապետարանի աշխատակիցները` համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, մարզային իշխանության ներկայացուցիչները, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները և անհատ քաղաքացիները հարգեցին մեր անկախությունը կերտածների հիշատակը` ծաղիկներ դնելով անհայտ կորած զինվորի հուշաքարին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, Արցախյան ազատամարտում զոհված կապանցիների եղբայրական գերեզմանի շիրմաքարերին:
Այս օրը հիշարժան դարձավ ևս մի արարողությամբ. Բաղաբերդ թաղամասի թիվ 10 շենքի բակում, որտեղ բնակվում էր Ապրիլյան պատերազմի հերոս ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը(Մակիչ), ի հիշատակ նրա`հուշաղբյուր բացվեց: Հուշաղբյուրը կառուցվել էր նրա որդու նախաձեռնությամբ՝ հերոսի հիշատակը վառ պահելու համար:
Բացման պատիվը տրվեց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին և Արմեն Գասպարյանի որդուն` Արթուր Գասպարյանին, որից հետո այն օրհնեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:
Բացմանը ներկա էին և իրենց սրտի խոսքը ասեցին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Արցախյան ազատամարտի Կապանի առաջին հրամանատար, Մակիչի մարտական ընկեր, պահեստազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը` նաև հերոսի մանկության ընկերը:
Օրվա կապակցությամբ կազմակերպվել էր նաև մարզական միջոցառումներ:
Անկախության օրը եզրափակվեց Մշակույթի կենտրոնի կազմակերպած հետաքրքիր և տպավորիչ տոնական համերգով:

Просмотров: 29

You May Also Like