8 ՄԵԴԱԼ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՑ

Ավարտվեցին համահայկական ամառային 7-րդ խաղերը, որին մասնակցեցին 35 երկրի 161 քաղաքից ավելի քան 5300 մարզիկ-մարզուհիներ։ Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ բացման արարողություն, որին Կապան համայնքը ներկայացավ 42 պատվիրակով՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Կապանցի մարզիկներից Ստեփանակերտում հանդես եկավ պատանի շախմատիստ Ալեն Գևորգյանը, ով 2 օր անց ելույթը շարունակեց մայրաքաղաք Երևանում։ 113 մասնակցի մեջ 9 հնարավոր միավորից Ալեն Գևորգյանը վաստակեց 4,5 միավոր և զբաղեցրեց 45-րդ հորիզոնականը։ Այնուհետև մրցապայքարի դուրս եկան կապանցի հրաձիգները։ 6 մասնակցից 4 հոգի դուրս եկան եզրափակիչ փուլ՝ տեղ գտնելով 8 ուժեղագույների շարքերում։ Հրաձիգներին հաջորդեցին սեղանի թենիսիստները, ովքեր առաջին իսկ խաղերից չկարողացան հաղթանակներ տանել և անցնել հաջորդ փուլ։ Հաջող հանդես եկան աթլետները։ Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաները նվաճեցին 8 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե։ Տպավորիչ հաղթանակ տարավ եռացատկորդ Լևոն Աղասյանը, ով ցույց տվեց 16 մետր 71 սմ արդյունք։ Տղաների 4×100մ փոխանցումավազքի թիմը լավագույնն էր և պարգևեց Կապանին 2-րդ ոսկին։ Արծաթե մեդալի արժանացան նաև Մարիետա Մինասյանը՝ հեռացատկ և եռացատկ մարզաձևերում՝ ցույց տալով համապատասխանաբար 5,62մ և 12,14մ արդյունքներ։ Արծաթե մեդալի արժանացավ նաև Գարիկ Ումուրշատյանը՝ 5000մ վազքատարածությունում և Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկ մրցաձևում(7,39մ)։ Բրոնզե մեդալի արժանացան նույնպես Գարիկ Ումուրշատյանը՝ 1500մ վազքատարածությունում և Մելինե Ադամյանը՝ եռացատկ մրցաձևում։
Ընդհանուր հաշվարկով 161 քաղաքների պայքարի մեջ՝ իր վաստակած մեդալների քանակով Կապանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։
Համահայկական խաղերի ընթացքում մարզիկները մարզիչների հետ միասին այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Գառնի-Գեղարդ։
Ի դեպ, համահայկական խաղերին մասնակցելու բոլոր տարիների ընթացքում սա Կապան եկած մեդալների ամենամեծ քանակն է։

Просмотров: 199

You May Also Like