ԲԱՑՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

2019 թվականի մայիսի 16-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մասնակցեց Ռ․Մինասյան փողոցի թիվ 4ա շենքում (զբաղվածության կենտրոնի նախկին շենք) «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման արարողությանը, որին ներկա էին նաև «Կամրջակ» ՍԲՀ կազմակերպության հովանավորները, նախագահ Մարիա Գորիսը, տնօրեն Բենիամին Աղամալյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Հկ-ների ներկայացուցիչները և հյուրերը։
Մանկական կենտրոնը բացվեց «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության և համայնքապետարանի համատեղ ջանքերով։ Նորաստեղծ այս կենտրոնի հիմնական առաքելությունն է համագործակցել պետական լիազոր մարմինների հետ, նպաստել համայնքի՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից դուրս մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանը և բարեկեցությանը։ Այստեղ հատուկ կարիք ունեցող երեխաների հետ բացի հոգեբանից, սոցիալական աշխատողից, լոգոպեդից, մանկավարժից, կաշխատեն նաև ֆիզիոթերապիայի ծառայություն մատուցող աշխատողներ։ Մանկական կենտրոնը մեծ կարևորություն ունի Կապան համայնքի համար և մեր տարածաշրջանում միակ համայնքային կազմակերպությունն է, որն աշխատում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ու առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կտրեցին կարմիր ժապավենը, որից հետո շրջեցին կենտրոնի բոլոր սենյակներով և ծանոթացան երեխաների համար ստեղծված պայմաններին։
Կապան համայնքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի հանդիսապետությամբ կատարվեց շենքի օրհնության կարգ։

Просмотров: 459

You May Also Like