ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՍՏԱՑԱՆ

Այսօր Սյունիքի մարզ հասան Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված հրշեջ ավտոմեքենաները. դրանց հանձնման արարողությունը Կապանում կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ներկա էին մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ մարզին հատկացվել է 13 հրշեջ ավտոմեքենա, որից 5-ը՝ առաջին փուլով, մյուսները Սյունիք կհասնեն ամռանը: Նոր ժամանակակից մեքենաներ կստանան մարզի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները: Իսկ Սյունիքին տրամադրված մեկ ավտոսանդուղքը տրվել է Կապանի ջոկատին ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենաշատ բարձրահարկ շենքերն ունի մարզկենտրոնը: 
Հանրապետության փրկարարար ծառայության պետը նշեց, որ մարզային վարչությունը պատրաստակամ է ունեցած տեխնիկան օգտագործելու ոչ միայն մասնագիտական աշխատանքի համար, այլեւ ծառայեցնելու համայնքների կարիքներին, եթե լինի դրա անհրաժեշտությունը: 
Նշենք նաեւ, որ ճապոնացի գործընկերները վերապատրաստում են մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների մասնագետներին, որպեսզի կարողանան օգտվել նորագույն ավտոմեքենաներից: 
Հյուրերն այսօր նաեւ շրջեցին Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքում, ծանոթացան այստեղ առկա տեխնիկական միջոցներին, օժանդակ սարքավորումներին, ունեցած հնարավորություններին, եղան մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում: 
Հավելենք, որ ավտոմեքենաները Հայաստանին են տրամադրվել ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի:
Ստացված տեխնիկայի շնորհիվ վերազինվում են Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի փրկարարական ծառայությունները:


Просмотров: 128

You May Also Like